2015թ. հոկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում կայացել է եռակողմ հանդիպում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Բելգիայի կառավարության համաներկայացուցիչ Ստեֆանի Գրիզարի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Լեհաստանի կառավարության համաներկայացուցիչ Էլիզա Սուխոբերզսկայի մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակցել են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության աշխատակիցները` վարչության պետ Արտյոմ Սեդրակյանի գլխավորությամբ:
Արման Թաթոյանը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության պաշտոնական կայքի շնորհանդեսին մասնակցելու համար և կարևորել է նման հանդիպումները՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ լավագույն փորձի փոխանակման հնարավորություն ունենալու առումով:
Հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և կիսվել նոր կայքի վերաբերյալ իրենց տպավորություններով:
Հանդիպման ընթացքում ծավալվել է արդյունավետ քննարկում մի շարք հարցերի վերաբերյալ: Մասնավորապես, կողմերը ներկայացրել են իրենց պետություններում կառավարության պաշտոնական դիրքորոշումների մշակման ընթացքը, այդ նպատակով տարբեր պետական մարմինների հետ համագործակցության շրջանակը, անդրադարձել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունքում օրենսդրության կատարելագործման հարցերին: Հյուրերը հատկապես կարևորել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության կազմում վերջերս ստեղծված Վճիռների կատարման և կոնվենցիոն պահանջների ապահովման բաժնի նշանակությունը և հայտնել իրենց ցանկության մասին՝ նմանատիպ ստորաբաժանում ստեղծել նաև իրենց պետություններում:
Հանդիպման ավարտին կողմերը գոհունակություն են հայտնել ծավալված արդյունավետ քննարկման համար և հույս հայտնել, որ համագործակցությունը շարունակական բնույթ կստանա: