ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

Եվրոպական դատարանում բարեկամական կարգավորման ընթացակարգը պատասխանող կառավարությանը և դիմումատուին վեճը լուծելու հնարավորություն է ընձեռում:  Այն կողմերի միջև պայմանավորվածություն է, որը շատ նման է ներպետական օրենսդրության արտադատական կարգավորմանը և կողմերին հնարավորություն է ընձեռում լուծել գործը` սովորաբար Բարձր պայմնավորվող կողմից դիմումատուին որոշակի գումար վճարելու, խնդրի լուծման ուղղությամբ որոշակի գործողություններ ձեռնարկելու խոստումի, կամ երկուսի համադրության հիման վրա:

Բարեկամական կարգավորման իրավական հիմքը ամրագրված է Մարդու իրավունքերի եվրոպական կոնվենցիայի 39-րդ հոդվածում, որի 1-ին մասը սահմանում է.

 «1. Դատաքննության ցանկացած փուլում Դատարանը կարող է իր ծառայությունը տրամադրել գործին առնչվող կողմերինսույն Կոնվենցիայով և նրա Արձանագրություններով սահմանված իրավունքների պահպանման հիման վրա հարցի բարեկամական կարգավորումն ապահովելու նպատակով:»:

Միևնույն ժամանակ, երբ գործը կոմունիկացվել է պատասխանող կառավարությանը, Եվրոպական դատարանը կարող է գրավոր դիմել կողմերին` տեղեկացնելով, որ պատրաստ է իր ծառայությունը տրամադրել նրանց` հարցի բարեկամական կարգավորումն ապահովելու նպատակով և հրավիրել կողմերից յուրաքանչյուրին հանդես գալ նման առաջարկությամբ (Դատարանի կանոնների 62¹-րդ կանոն): Սովորաբար, Դատարանը առաջարկություն ներկայացնելու համար սահմանում է ժամկետներ: Մինչդեռ, ժամկետը կարող է նաև երկարաձգվել (Դատարանը շահագրգռված է գործերի լուծման մեջ և, ուստի, եթե կարգավորումը իսկապես հնարավոր է,  հավանաբար կտրամադրի ավելի շատ ժամանակ):

Եվրոպական դատարանը հաճախակի ակտիվորեն ներգրավվում է բարեկամական կարգավորմանը նպաստելուն, և կարող է դիտարկել դիմումը գործերի ցուցակից հանելու տարբերակը, եթե դիմումատուն «չարդարացված» կերպով է մերժել բարեկամական կարգավորման առաջարկները:  Օրինակ, երբ ֆինանսական բանակցությունները դժվարանում են, Դատարանը կարող է առաջարկել, թե գործը լուծելու համար որքան գումարի վճարումը կարող է ողջամիտ լինել: Դատարանի կանոնների 62¹-րդ կանոնը թույլատրում է Դատարանին ձեռնարկել կարգավորմանը նպաստելու համար անհրաժեշտ ցանկացած միջոցառում, որը կարող է ներառել կողմերի միջով հանդիպումների կազմակերպումը (տե՛ս, օրինակ, Քոքսալն ընդդեմ Նիդերլանդների, դիմում թիվ 31725/96, 2001 թ.-ի մարտի 20): Դատարանի մոտեցումը հաստատուն նախադեպային իրավունքի առնչությամբ այժմ շատ ավելի նախաձեռնող է. նման գործերի լուծմանը նպաստելու համար Դատարանը կարող է սեփական նախաձեռնությամբ բարեկամական կարգավորման առաջարկություններ ուղարկել կողմերին:

Բարեկամական կարգավորման շուրջ բանակցությունները խորհրդապահական են և չեն կարող գործի քննության ժամանակ կողմերի բերած փաստարկներին ի վնաս մեկնաբանվել (Կոնվենցիայի 39-րդ հոդվածի 1-ին մաս, Դատարանի կանոնների 62¹-րդ կանոնի 2-րդ մաս): Բանակցությունների մանրամասները չպետք է  վկայակոչվեն կամ հիմք ընդունվեն գործի ըստ էության քննության, կամ այլ շարունակական քննության ժամանակ: Գաղտնիության այս պահանջը խախտելը կարող է հանգեցնել դիմումի անընդունելի ճանաչվելուն` դիմում ներկայացնելու իրավունքի չարաշահման հիմքով (տե՛ս, օրինակ, Հանդրաբովան և այլոք ընդդեմ Չեխիայի Հանրապետության, դիմում թիվ 42165/02 և 466/03, 2007 թ.-ի սեպտեմբերի 25-ի որոշում, Պոպովն ընդդեմ Մոլդովայի (Թիվ 1), դիմում թիվ 74153/01, 2005թ.-ի հունվարի 18, Միրոլյուբովսն ընդդեմ Լատվիայի, դիմում թիվ 798/05, 2009թ.-ի սեպտեմբերի 15):

Եվրոպական դատարանը միշտ հակված է խրախուսել կողմերին բանակցել բարեկամական կարգավորման շուրջ, քանի որ դա կնվազեցնի Դատարանի ծանրաբեռնվածությունը:

Եթե պայմանները համաձայնեցվել են, երկու կողմերն էլ պետք է Եվրոպական դատարանին գրավոր տեղեկացնեն բարեկամական կարգավորման պայմանների հաստատման մասին և խնդրեն, որպեսզի գործը հանվի Դատարանի գործերի ցուցակից: Այդ պարագայում Դատարանը կհրապարակի որոշում կամ վճիռ (ընդունելիության հարցը որոշելուց հետո կայացնելու դեպքում)` արձանագրելով գործի փաստական հանգամանքներն ու կողմերի միջև համաձայնեցված պայմանները, և պաշտոնապես կհանի գործը Դատարանի գործերի ցուցակից (Կոնվենցիայի 39-րդ հոդվածի 3-րդ մաս): Ուստի, այժմ կարգավորումներն ավելի բարձր տեսանելիություն ունեն քան մինչև կոնվենցիային կից թիվ 11 Արձանագրության ընդունումը:

Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դիմումները գործերի ցուցակից հանելիս, Եվրոպական դատարանը շարունակում է գործի քննությունը «եթե դա է պահանջում սույն Կոնվենցիայով և դրան կից Արձանագրություններով սահմանված իրավունքների նկատմամբ հարգանքը»: Նման որոշում կայացնելու համար էական գործոններ են հանդիսանում գործով բարձրացված խնդրի կարևորությունը, կողմերի առաջարկած կարգավորման պայմանները, և թե արդյոք Դատարանը նախկինում քննել է այդպիսի խնդիր: Այսպես, Ուկրաինական Մեդիա Գրուփն ընդդեմ Ուկրաինայի գործով կողմերի բարեկամական կարգավորումը մերժվել էր Դատարանի կողմից` հաշվի առնելով դիմումատու կազմակերպության խոսքի ազատության իրավունքին ենթադրյալ միջամտության լրջությունը (տե՛ս, Ուկրաինական Մեդիա Գրուպն ընդդեմ Ուկրաինայի, դիմում թիվ 72713/01, 2005թ.-ի մարտի 29):

Եվրոպական դատարանը կարող է նաև չհաստատել բարեկամական կարգավորման համաձայնագիրը, եթե, օրինակ, բավարարված չէ այն հանգամանքով, որ  դիմումատուն միանշանակ համաձայնել է կարգավորման պայմաններին (տե՛ս, օրինակ, Պալադին ընդդեմ Մոլդովայի, դիմում թիվ 39806/05, 2007թ.-ի հուլիսի 10, 51-53 կետեր, գործը հետագայում հանձնվել է Մեծ Պալատին):

Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 2-րդ մասը հնարավորություն է տալիս  Եվրոպական դատարանին վերականգնել գործը իր գործերի ցուցակում, եթե բարեկամական կարգավորման պայմանները հետագայում չեն պահպանվել (տե՛ս, օրինակ, Կատիչն ընդդեմ Սերբիայի, դիմում թիվ 13920/04, 2009թ.-ի հուլիսի 7-ի որոշում):

Այսպիսով, Եվրոպական դատարանը միշտ խրախուսում է կողմերին բանակցել բարեկամական կարգավորման շուրջ: Եթե կողմերի միջև համաձայնություն ձեռք չի բերվում, ապա Դատարանն անցնում է դիմումի ըստ էության քննությանը:

Մուտք

Չունե՞ք հաշիվ: