ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի 46-րդ հոդվածի և 39-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Կոնվենցիայի խախտում արձանագրող վերջնական վճիռները, ինչպես նաև՝ բարեկամական կարգավորման վերաբերյալ կայացրած որոշումները:
Վերջնական վճիռների և որոշումների կատարման գործընթացը վերահսկող մարմինը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն է, որը կազմված է 47 անդամ պետությունների կառավարությունների ներկայացուցիչներից: Կոմիտեին աջակցում է Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման ստորաբաժանումը:
Անդամ պետությունները, կրելով վճռով արձանագրված խախտումների հետևանքները վերացնելու իրավական պարտականությունը, անհրաժեշտ միջոցների և միջոցառումների ընտրության հայեցողություն (a margin of appreciation) ունեն: Որպես կանոն՝ պատասխանող պետությունն է սահմանում անհրաժեշտ միջոցառումների շրջանակը, սակայն Նախարարների կոմիտեն վերահսկում է այդ գործընթացը: Դատարանը կարող է աջակցել վճիռների կատարման գործընթացին, մասնավորապես՝ պիլոտային վճիռների ընթացակարգի միջոցով (կիրառվում է համակարգային խնդիրներին արձագանքելու նպատակով):
Վճիռների կատարման շրջանակներում ձեռնարկվող միջոցառումները, որպես կանոն, լինում են անհատական կամ ընդհանուր բնույթի:
Անհատական միջոցառումներ
Վճռի կատարման շրջանակներում ձեռնարկվող միջոցառումները նախևառաջ պետք է վերացնեն արձանագրված խախտման հնարավոր բացասական հետևանքները դիմումատուի համար: Այսինքն՝ պատասխանող պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի հնարավորինս restutio in integrum-ի հասնելու նպատակով (պետք է վերականգնվի նախքան Կոնվենցիայի խախտումը եղած իրավիճակը):
Այս գործընթացը ներառում է Դատարանի, որպես արդար փոխհատուցում սահմանած կամ բարեկամական կարգավորմամբ կողմերի միջև համաձայնեցված գումարի վճարում: Գումարը սահմանված ժամկետներում չվճարելու դեպքում հաշվարկվում է հավելյալ տոկոսադրույք:
Երբ ինքնին դրամական փոխհատուցումը չի կարող վերացնել խախտման հետևանքով առաջացած հետևանքները, Նախարարների կոմիտեն հետամուտ է լինում, որ իշխանությունները ձեռնարկեն անհատական այլ անհրաժեշտ միջոցառումներ՝ խախտման հետևանքների վերացման նպատակով: Երբեմն վճիռները պարունակում են նաև հավելյալ հանձնարարականներ:
Անհատական միջոցառումների օրինակներ են.
- ծնողների և առանց հիմնավոր պատճառի իրենցից վերցված երեխաների կապերի վերականգնումը (օրինակ՝ այն դեպքերում, երբ երեխաներին հանձնել են խնամակալության կամ մյուս ծնողը առևանգել է վերջիններիս),
- քրեական գործով անարդարացի քննության վերաբացումը,
- արտաքսման պետության (ուր անձը ենթակա է վերադարձման) տարածքում դիմումատուների համար խոշտանգման կամ վատ վերաբերմունքի, կյանքի համար սպառնալիք ներկայացնող արտաքսման հրամանների վերացումը:
Ընդհանուր միջոցառումներ
Վճիռների կատարման շրջանակներում անհրաժեշտ է լինում նաև ձեռնարկել ընդհանուր միջոցառումներ՝ Դատարանի վճռով արձանագրված նմանատիպ խախտումները հետագայում կանխելու նպատակով (օրինակ՝ օրենսդրական և դատական պրակտիկայի բարեփոխումների կամ այլ միջոցներով):
Այն դեպքերում, երբ ներպետական իշխանություններն ուղղակիորեն իմպլեմենտացնում են Դատարանի վճիռներն իրենց իրավական համակարգում, ապահովում են վերջիններիս հրապարակումը և շրջանառությունը, անհրաժեշտության դեպքում թարգմանում և մեկնաբանում են դրանք, հաճախ բավարար է ցանկալի և անհրաժեշտ բարեփոխումների հասնելու և արդյունավետ ներպետական պաշտպանության միջոցներ երաշխավորելու համար:
Ընդհանուր միջոցառումների օրինակներ են.
- արդյունավետ պաշտպանության միջոցների ներդնումը՝ դատավարական ժամկետների անհարկի ձգձգումը կանխելու նպատակով,
- արտամուսնական կապերից ծնված երեխաների նկատմամբ խտրական վերաբերմունքի վերացումը (օրինակ՝ ժառանգության հարցերով),
- հեռախոսազանգերի կամայական գաղտնալսումը կանխելու նպատակով օրենսդրության ընդունումը,
- լրագրողների արտահայտվելու ազատության իրավունքի անհարկի սահմանափակումների վերացումը:
Վճիռների և որոշումների կատարման վերահսկման գործընթացը
Նախարարների կոմիտեն շարունակաբար վերահսկում է Դատարանի վճիռների և որոշումների կատարման գործընթացը: Գործերը վերահսկվում են այնքան ժամանակ,քանի դեռ բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցառումները չեն ձեռնարկվել խախտման հետևանքները վերացնելու համար: Այնուհետև գործի կատարողական-վերահսկողական վարույթն ավարտվում է Նախարարների կոմիտեի եզրափակիչ բանաձևով:
Երբ վճիռները և որոշումները վերջնական են դառնում, պետությունները, հնարավորինս կարճ ժամկետում, Նախարարների կոմիտե են ուղարկում գործողությունների ծրագիր՝ ծրագրված և/կամ իրականացված միջոցառումների մասին: Գործողությունների հաշվետվություն ուղարկվում է արդեն իսկ իրականացված միջոցառումների վերաբերյալ Նախարարների կոմիտեին տեղեկացնելու նպատակով: Դիմումատուները, հասարակական կազմակերպությունները, մարդու իրավունքների պաշտպանության ազգային կառույցները կարող են գրավոր հաղորդումներ ուղարկել Նախարարների կոմիտե՝ վճիռների կատարման վերահսկման գործընթացում:
2011 թվականի հունվար ամսից ներդրվել է գործողությունների ծրագրերից բխող միջոցառումների իրականացման վերահսկողության նոր՝ երկաստիճան համակարգ (twin-track procedure): Համաձայն նոր համակարգի՝ գործերի ծանրակշիռ մեծամասնությունը քննության է ենթարկվում ստանդարտ ընթացակարգով (standard procedure): Խստացված ընթացակարգով (enhanced procedure) քննվում են միջպետական, ինչպես նաև բոլոր այն գործերը, որոնք պահանջում են հրատապ անհատական միջոցառումներ կամ անդրադառնում են համակարգային կարևոր խնդիրների (մասնավորապես, պիլոտային վճիռները):
Անհրաժեշտության դեպքում Նախարարների կոմիտեն կարող է աջակցել վճիռների կատարմանը տարբեր ճանապարհներով, մասնավորապես՝ իր որոշումներով ամրագրված հանձնարարականների և միջանկյալ բանաձևերի միջոցով: Անդամ պետությունների խնդրանքով, Եվրոպայի խորհուրդը կարող է տրամադրել հավելյալ աջակցություն նպատակային ծրագրերի միջոցով (օրինակ՝ իրավական փորձաքննություն, կլոր սեղան քննարկումներ, մասնագիտական վերապատրաստումներ):
Վճիռների կատարման գործընթացի մասին պատմող տեսանյութ
Տեսանյութը հայերեն` այս հղումով:
Նյութը կազմված է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման ստորաբաժանման պաշտոնական կայքում հրապարակված տեղեկությունների հիման վրա:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ http://www.coe.int/t/dghl/monitoring/execution/default_en.asp