ՄԻՋԱՆԿՅԱԼ ՄԻՋՈՑ

Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնը սահմանում է՝

  1. Պալատը կամ, հավուր պատշաճի, Սեկցիայի նախագահը կամ սույն Կանոնի 4-րդ մասի համաձայն հատուկ նշանակված դատավորը կարող է կողմերից մեկի կամ շահագրգիռ որևէ անձի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ առաջարկել կողմերին միջանկյալ միջոցներ, որոնք իր կարծիքով պետք է ընդունվեն կողմերի կամ վարույթի պատշաճ իրականացման շահերից ելնելով:
  2. Անհրաժեշտության դեպքում կոնկրետ գործով ընդունված միջոցի մասին ծանուցումը կարող է անհապաղ ուղարկվել Նախարարների կոմիտե:
  3. Պալատը կամ, հավուր պատշաճի, Սեկցիայի նախագահը կամ սույն Կանոնի 4-րդ մասի համաձայն հատուկ նշանակված դատավորը կարող է կողմերից տեղեկություններ պահանջել նշված միջանկյալ միջոցի իրականացմանն առնչվող որևէ հարցի վերաբերյալ:
  4. Միջանկյալ միջոցներ կիրառելու միջնորդությունների վերաբերյալ որոշում կայացնելու համար Դատարանի նախագահը կարող է որպես հատուկ դատավոր նշանակել Սեկցիաների նախագահների տեղակալներին:

 

Դատարանը, իր կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն, կարող է միջանկյալ միջոցներ կիրառել Կոնվենցիայի մասնակից ցանկացած պետության նկատմամբ: Միջանկյալ միջոցները անհետաձգելի և հրատապ միջոցներ են, որոնք, համաձայն Դատարանի հաստատված պրակտիկայի, կիրառվում են միայն այն դեպքում, երբ առկա է անդառնալի վնասի անմիջական վտանգ (տե՛ս Mamatkulov and Askarov v. Turkey [GC], no. 46827/99 և 46951/99, § 104, 4 փետրվարի 2005 թ., և Paladi v. Moldova [GC], թիվ 39806/05, §§ 86-90, 10 մարտի 2009 թ.):

Միջանկյալ միջոցները կիրառվում են հիմնականում Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և հազվադեպ՝ 8-րդ հոդվածի ենթադրյալ խախտումների դեպքում:

Միջանկյալ միջոցներ կարող են կիրառվել Դատարանում վարույթի տևողության ողջ ընթացքում կամ սահմանափակ ժամկետով։ Դատարանը կարող է ցանկացած պահի վերացնել միջանկյալ միջոցի կիրառման որոշումը: Մասնավորապես, քանի որ 39-րդ կանոնով կիրառված միջանկյալ միջոցը անմիջապես կապված է Դատարանի առջև ընթացող վարույթի հետ միջոցը կարող է վերացվել, եթե դիմումատուն հետամուտ չլինի գանգատին:

Միջանկյալ միջոց կիրառելու մասին հարցումը կարող է ներկայացվել ինչպես անհատի, այնպես էլ Կառավարության անունից:

Թեև միջանկյալ միջոցները նախատեսված են միայն Դատարանի կանոններով, այլ ոչ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, անդամ պետությունները պարտավոր են կատարել Դատարանի՝ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումները: Մեծ պալատի երկու վճիռները (տե՛ս Mamatkulov and Askarov v. Turkey [GC], no. 46827/99 և 46951/99, § 104, 4 փետրվարի 2005 թ., և Paladi v. Moldova [GC], թիվ 39806/05, §§ 86-90, 10 մարտի 2009 թ.) հնարավորություն են տվել Դատարանին պարզաբանել այս պարտավորությունը՝ հիմնվելով, մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածի (անհատական դիմումների) վրա։

 

Մուտք

Չունե՞ք հաշիվ: