ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԳՈՐԾԵՐ
ԸՆԹԱՑԻԿ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԳՈՐԾԵՐ
- Walnort Finance Limited ընդդեմ Հայաստանի Հանրապետության (ARB/24/20)
Գործը Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն է մուտքագրվել 2024թ. հունիսի 21-ին: Հանքարդյունաբերության ոլորտին առնչվող վեճը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագրի հիման վրա: Արբիտրաժային գործի, մասնավորապես՝ վարույթի ընթացիկ կարգավիճակի մասին տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով:
- Amulsar Investor Ventures LLC ընդդեմ Հայաստանի Հանրապետության (2023-66)
Արբիտրաժային մշտական դատարանի կողմից համակարգվող և ՄԱԿ-ի միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովի կանոնների ներքո արբիտրաժային գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ներդրումների փոխադարձաբար խրախուսման և պաշտպանության մասին» պայմանագրի շրջանակներում 2023թ.: Վեճը վերաբերում է հանքարդյունաբերության ոլորտին, իսկ վարույթի ընթացիկ կարգավիճակի մասին տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով:
- Sanitek S.a.r.l., Sari Haddad և Elias Doumet-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության (ARB/21/17)
Գործը Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն է մուտքագրվել 2021 թվականի ապրիլի 6-ին: Աղբահանության ոլորտում ծագած արբիտրաժային գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիբանանի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձաբար պաշտպանության մասին» համաձայնագրի հիման վրա: Արբիտրաժային գործի, մասնավորապես՝ վարույթի ընթացիկ կարգավիճակի մասին տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով։
ԱՎԱՐՏՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԳՈՐԾԵՐ
- Ջ. Բորկովսկին և Ռասիա ՖԶէ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության (ARB/18/28)
Գործը Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն է մուտքագրվել 2018 թվականի օգոստոսի 3-ին: Երկաթուղային ճանապարհի և արագընթաց մայրուղու կառուցման առնչությամբ ծագած արբիտրաժային գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ներդրումների փոխադարձաբար խրախուսման և պաշտպանության մասին» պայմանագրի, ինչպես նաև նշված ընկերության և ՀՀ կառավարության միջև 2012թ․ կնքված կոնցեսիոն պայմանագրերի հիման վրա։ 2023 թվականի հունվարի 20-ին արբիտրաժային տրիբունալը կայացրել է վճիռ, որով ամբողջությամբ մերժել է հայցվորների պահանջները և պարտավորեցրել վերջիններիս Հայաստանի Հանրապետությանը փոխհատուցել ընդհանուր 2,783,250.09 ԱՄՆ դոլար: Արբիտրաժային գործի մասին տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով։
- Էդմոնդ Խուդյանը և «Արին Կապիտալ Ինվեսթմենթս» ընկերությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության (ARB/17/36)
Գործը Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն է մուտքագրվել 2017 թվականի սեպտեմբերի 27-ին: Անշարժ գույքի ոլորտում ծագած արբիտրաժային գործը հարուցվել էր «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ներդրումների փոխադարձաբար խրախուսման և պաշտպանության մասին» պայմանագրի հիման վրա՝ «Պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև ներդրումային վեճերի լուծման մասին» կոնվենցիայի դրույթներին համապատասխան կարգավորելու նպատակով: 2021 թվականի դեկտեմբերի 15-ին արբիտրաժային տրիբունալը կայացրել է վճիռ հօգուտ Հայաստանի Հանրապետության: Տրիբունալը գտել է, որ Էդմոնդ Խուդյանի առնչությամբ տրիբունալի ratione personae իրավազորությունը բացակայում է, քանի որ վերջինս հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Ինչ վերաբերում է «Արին Կապիտալ Ինվեսթմենթս» ընկերությանը, ապա այդ դեպքում էլ բացակայում է տրիբունալի ratione materiae իրավազորությունը՝ ներդրումներ չկատարված լինելու հիմքով: Այդպիսով, տրիբունալը մերժել է Հայցվորների պահանջներն ամբողջությամբ՝ իրավազորության բացակայության հիմքով, և վերջիններիս վրա դրել համապարտ պարտավորություն՝ Հայաստանի Հանրապետությանը վճարել 337,466.34 ԱՄՆ դոլար՝ Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին վճարված կանխավճարի չափով, ու 400,000 ԱՄՆ դոլար՝ որպես արբիտրաժային գործի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կատարած իրավաբանական ծախսերի փոխհատուցում: Արբիտրաժային գործի մասին տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով։
- «Թի էս ինվեստմենթ քորփորեյշն» ընդդեմ Հայաստանի Հանրապետության
Անվադողերի արտադրության ոլորտում ներդրումների առնչությամբ արբիտրաժային գործը մուտքագրվել է Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարան ներդրումային պայմանագրի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ներդրումների փոխադարձաբար խրախուսման և պաշտպանության մասին» պայմանագրի հիման վրա: Արբիտրաժային վճիռը կայացվել է ի շահ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի օգոստոսի 18-ին:
- «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության
2007 թվականին «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև ծագել է ներդրումային վեճ, որը մուտքագրվել է Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն: Վեճի առարկան «Գլոբալ Գոլդ Հանքավան» ՍՊԸ-ին հանքի շահագործման թույլտվության հարցում մերժելն էր (կազմակերպությունն ուներ երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն, որից հետո պետք է ստանալ հանքի շահագործման թույլտվություն), ինչպես նաև երկրաբանական ուսումնասիրությունների թույլտվության ժամկետի երկարաձգումը։ Ներդրումային վեճի շրջանակներում «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև 2008 թվականին կնքվել է հաշտության համաձայնություն։ Արբիտրաժային գործի մասին տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով:
ՉԵՂԱՐԿՄԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐ
- Ջ. Բորկովսկին և Ռասիա ՖԶէ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության (ARB/18/28)
Սույն գործով 2023թ. հունվարի 20-ին կայացված արբիտրաժային տրիբունալի վճիռը չեղարկելու պահանջ է ներկայացվել հայցվորների կողմից 2023թ. հունիսի 2-ին: Վարույթը գտնվում է ընթացիկ փուլում, և գործի մասին տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով:
- Էդմոնդ Խուդյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության (ARB/17/36)
Էդմոնդ Խուդյանը և «Արին Կապիտալ Ինվեսթմենթս» ընկերությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով 2021 թվականի դեկտեմբերի 15-ին կայացված արբիտրաժային տրիբունալի վճիռը մասնակիորեն չեղարկելու պահանջ է ներկայացվել Էդմոնդ Խուդյանի կողմից, որը բավարարվել է չեղարկման հանձնաժողովի կողմից: Գործի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով։
- «Թի էս ինվեստմենթ քորփորեյշն» ընդդեմ Հայաստանի Հանրապետության
Ի շահ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի օգոստոս ամսին կայացված վճիռը չեղարկելու կապակցությամբ «Թի էս ինվեստմենթ քորփորեյշն»-ը նախաձեռնել է համապատասխան վարույթ:
ԸՆԹԱՑԻԿ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԳՈՐԾԵՐ
- Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն ընկերության (UNC 190/HBH)
Սույն գործով վեճը ծագել է Հայաստանի Հանրապետության տարածքում (ավտո)ճանապարհի վերակառուցման և բարելավման աշխատանքների առնչությամբ ընկերության և ներկայիս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջև 2012 թվականի ապրիլի 27-ին կնքված պայմանագրի ներքո: Գործով միջազգային առևտրային արբիտրաժային ad hoc վարույթը նախաձեռնվել է Հայաստանի Հանրապետության կողմից 2019 թվականի նոյեմբերի 21-ին այն բանից հետո, երբ 2019 թվականի սեպտեմբերի 2-ին ընկերությունը ետ է վերցրել իր 2019 թվականի հունվարի 24-ի արբիտրաժային ծանուցումը և դատական վարույթ նախաձեռնել Մադրիդի թիվ 1 առևտրային դատարանում: Այսպիսով, Հայաստանի Հանրապետության և «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության մասնակցությամբ զուգահեռ ընթանում են միջազգային արբիտրաժային և դատական վարույթներ։
- Sinohydro Corporation Limited ընդդեմ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ARB597/23/VKH)
Կառուցապատման ոլորտում առաջացած այս առևտրային վեճը համակարգվում է Սինգապուրի միջազգային արբիտրաժային կենտրոնի կողմից և գրանցվել է 2023թ. նոյեմբերին: Գործն այժմ գտնվում է ընթացիկ փուլում: