ԳՐԱՎՈՐ ԵՎ ԲԱՆԱՎՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

 

I. ԳՐԱՎՈՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կանոնակարգի 38-րդ կանոնի համաձայն` գրավոր բացատրությունները չեն կարող հանձնվել Դատարան` Պալատի նախագահի կամ զեկուցող դատավորի սահմանած վերջնաժամկետներից հետո:

Ամսաթիվը, երբ գրավոր դիրքորոշումը կամ այլ փաստաթղթերը հասնում են Դատարանի Քարտուղարություն, նշվում է տվյալ փաստաթղթի վրա՝ ստացման կնիքով:

Բացառությամբ այն դիրքորոշումների (միջնորդությունների, (pleadings)), որոնց համար նախատեսված է ուղարկման էլեկտրոնային եղանակ, մնացած դիրքորոշումներն ու կից փաստաթղթերը պետք է ուղարկվեն Դատարանի Քարտուղարություն երեք օրինակից՝ փոստով, կամ մեկ օրինակից՝ ֆաքսով և դրան հաջորդող երեք օրինակից՝ փոստով:

Էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկված դիրքորոշումները կամ այլ փաստաթղթերը չեն ընդունվի:

Գաղտնի փաստաթղթերը պետք է ուղարկվեն գրանցված փոստով:

Անանուն դիրքորոշումները չպետք է կցվեն գործի նյութերին, եթե Պալատի նախագահը այլ որոշում չի կայացնում (տե՛ս, Դատարանի կանոնակարգի 38 կանոնի 1-ին կետը):

Ֆաքսով ուղարկումը

Կողմը կարող է Դատարան ուղարկել դիրքորոշումը կամ այլ փաստաթղթերը ֆաքսի միջոցով:

Դիրքորոշումն ուղարկող անձի անունը պետք է գրանցված լինի դրա վրա, որպեսզի հնարավոր լինի հաստատել անձի ինքնությունը:

Էլեկտրոնային ուղարկումը

Դատարանը կարող է թույլ տալ Կոնվենցիայի կողմ հանդիսացող պետության Կառավարությանը, կամ, գանգատի հաղորդակցման փուլից հետո՝ դիմումատուին, ուղարկել դիրքորոշումները և այլ փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով: Նման դեպքերում գրավոր դիրքորոշումների վերաբերյալ գործնական ուղեցույցը պետք է կիրառվի էլեկտրոնային ուղարկման վերաբերյալ գործնական ուղեցույցների հետ համատեղությամբ:

Ձևը և բովանդակությունը

Ձևը

Դիրքորոշումը պետք է պարունակի.

գանգատի համարը և գործի անվանումը,

վերնագիր, որը կբնութագրի դիրքորոշման բովանդակությունը (օրինակ՝ դիրքորոշում ընդունելիության վերաբերյալ, պատասխան Կառավարության/դիմումատուի՝ ընդունելիության վերաբերյալ դիրքորոշումներին և այլն):

Դիրքորոշումը, որպես կանոն, պետք է

  • ունենա Ա4 էջի ձևաչափ՝ ոչ պակաս, քան 3,5սմ լայնության էջի սահմաններով,
  • լինի տպագիր և ամբողջությամբ ընթեռնելի, ունենա առնվազն 12pt տառաչափ հիմնական տեքստում և 10pt տառաչափ ծանոթագրությունների հատվածում, տողերի միջև թողնելով 1,5 տարածություն,
  • ունենա թվեր՝ նիշերի տեսքով,
  • ունենա հերթականությամբ համարակալված էջեր,
  • բաժանված լինի համարակալված պարբերությունների,
  • բաժանված լինի գլուխների կամ/և ենթավերնագրերի՝ Դատարանի որոշումներին կամ վճիռներին համապատասխան (փաստեր/ներպետական իրավունք և փորձ/գանգատ/օրենք. վերջինին պետք է հետևեն ենթավերնագրեր՝ «Նախնական առարկություն… վերաբերյալ», «Հոդված …-ի ենթադրյալ խախտում» վերտառությամբ, կախված անհատական գործերից),
  • պատասխանի դատարանի տված հարցերին և մյուս կողմի պնդումներին՝ առանձին ենթավերնագրով,
  • հղում կատարի բոլոր կից կամ առնչվող փաստաթղթերին կամ ապացույցներին,
  • փոստով ուղարկվելու դեպքում տպված լինի թղթի միայն մի կողմի վրա, և էջերն ու կից փաստաթղթերն ամրացված լինեն միմյանց այնպես, որ հնարավոր լինի հեշտությամբ անջատել (դրանք չպետք է սոսնձված կամ կարիչով կարված լինեն):

Եթե դիրքորոշումը բացառիկ դեպքերում գերազանցում է երեսուն էջը, ապա դրա հետ մեկտեղ պետք է ուղարկվի բովանդակության համառոտ տեքստը:

Երբ կողմը դիրքորոշման հետ ներկայացնում է փաստաթղթեր կամ այլ նյութեր, ապացույց հանդիսացող յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է ներկայացվի որպես առանձին հավելված:

Բովանդակությունը

Գանգատի հաղորդակցման փուլին հետևող կողմերի դիրքորոշումները պետք է ներառեն.

ցանկացած մեկնաբանություն, որը նրանք կցանկանան ներկայացնել գործի փաստերի առնչությամբ, սակայն.

  • եթե կողմը չի վիճարկում Դատարանի Քարտուղարության կողմից փաստական հանգամանքներում արձանագրված փաստերը, ապա նա պետք է սահմանափակվի դիրքորոշման մեջ այդ կապակցությամբ կարճ մեկնաբանությամբ,
  • եթե կողմը վիճարկում է Դատարանի Քարտուղարության կողմից փաստական հանգամանքներում արձանագրված փաստերը միայն մասամբ, կամ ցանկանում է լրացում կատարել, ապա պետք է սահմանափակի իր դիրքորոշումը միայն կոնկրետ կետերի վերաբերյալ մեկնաբանությամբ,
  • եթե կողմը վիճարկում է մյուս կողմի ներկայացրած փաստերն ամբողջությամբ կամ մասամբ, նա պետք է հստակ նշի, թե որ փաստերն են անվիճելի և սահմանափակվի դիրքորոշման մեջ միայն վիճելի հարցերին անդրադառնալով:
  • իրավական փաստարկները սկզբում վերաբերում են ընդունելիությանը, այնուհետև ըստ էության քննությանը, սակայն.
  • եթե կողմին ուղղվել են փաստական կամ իրավական հանգամանքների վերաբերյալ հարցեր, ապա այն պետք է, չհակասելով Դատարանի կանոնակարգի 55-րդ կանոնին, սահմանափակի իր փաստարկներն այդ հարցերով,
  • եթե դիրքորոշումը պատասխանում է այլ կողմի փաստարկներին, պնդումները պետք է վերոնշյալ կարգով անդրադառնան հատուկ փաստարկներին:

Գանգատն ընդունվելուց հետո կողմերի դիրքրոշումները պետք է ներառեն.

  • ընդունելիության որոշման մեջ տեղ գտած փաստական հանգամանքների վերաբերյալ կողմի դիրքորոշումը հաստատող կարճ հայտարարություն,
  • իրավական փաստարկներ գործի ըստ էության քննության վերաբերյալ,
  • հատուկ, ինչպես նաև Դատարանի կողմից բերված փաստական կամ իրավական հարցերի վերաբերյալ պատասխաններ:

Արդարացի փոխհատուցման վերաբերյալ գանգատ ներակայացնելիս դիմումատու կողմը պետք է ղեկավարվի արդարացի փոխհատուցման վերաբերյալ գանգատներ ներկայացնելու վերաբերյալ գործնական ուղեցույցներով սահմանված կարգով (տե՛ս, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 39-րդ հոդվածի 2-րդ կետը և Դատարանի կանոնակարգի 62-րդ կանոնի 2-րդ կետը):

Բարեկամական կարգավորման գործընթացի գաղտնիությունից ելնելով՝ որպես բարեկամական կարգավորման ապահովման փորձ ներկայացվող բոլոր պնդումները և փաստաթղթերը պետք է ներկայացվեն գրավոր դիրքորոշումներից առանձին:

Դիրքորոշումը չպետք է պարունակի բարեկամական կարգավորման վերաբերյալ որևէ հղում կամ հայտարարություն:

Ժամկետներ

Ընդհանուր

Յուրաքանչյուր կողմի պարտականությունն է, որպեսզի դիրքորոշումը և բոլոր կից փաստաթղթերը կամ ապացույցները Դատարանի Քարտուղարություն հասնեն ժամանակին:

Ժամկետների երկարաձգումը

Դիրքորոշումը Դատարան ներկայացնելու՝ սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել կողմերից մեկի խնդրանքով:

Կողմը, որը ցանկանում է երկարաձգել դիրքորոշումը Դատարան ներկայացնելու ժամկետը, պետք է դրա վերաբերյալ հարցում կատարի այն պահին, երբ պարզ են դարձել այն հանգամանքները, որոնք արդարացնում են ժամկետի երկարաձգումը, ցանկացած պարագայում՝ մինչ ժամկետի ավարտը: Երկարաձգման պատճառները պետք է նշվեն:

Եթե երկարաձգման վերաբերյալ հարցումը բավարարվում է, այն վերաբերելի է բոլոր կողմերին, ներառյալ այն կողմին, որը ժամկետի երկարաձգման պահանջ չի ներկայացրել:

Դիրքորոշումը ներկայացնելու պահանջներին չհամապատասխանելը     

Երբ դիրքորոշումն ուղարկելիս սույն ուղեցույցով սահմանված պահանջները չեն պահպանվել, Պալատի Նախագահը կարող է պահանջել կողմից կրկին ուղարկել դիրքորոշումը՝ սահմանված պահանջներին համապատասխան:

Սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում դիրքորոշումը կարող է համարվել ոչ պատշաճ ներկայացված (տե՛ս,  Դատարանի կանոնակարգի 38-րդ կանոնը):

  II. ԲԱՆԱՎՈՐ ԼՍՈՒՄՆԵՐ

Լսում» և «լսումներ» հասկացությունները վերաբերում են գործի ընդունելիության և/կամ ըստ էության քննության, վերանայման պահանջի կամ խորհրդատվական կարծիքի, Նախարարների կոմիտեի կամ կողմի խնդրանքով մեկնաբանման պահանջի կամ Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 4-րդ կետի ուժով Դատարանին հանձնված հարցի քննության բանավոր ընթացակարգին:

Լսումների հրապարակայնությունը

Լսումները պետք է լինեն հրապարակային, եթե Պալատը բացառիկ հանգամանքներում իր սեփական նախաձեռնությամբ կամ կողմի կամ գործի հետ առնչություն ունեցող այլ անձի խնդրանքով այլ կերպ չի որոշել:

Հնարավոր է բացառել լրատվամիջոցների կամ հանրության ներկայությունը լսումներից կամ դրա մի մասից՝ ելնելով բարոյական, հասարակական կարգի, ժողովրդավարական հասարակությունում ազգային անվտանգության շահերից, ինչպես նաև այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է՝ ելնելով անչափահասների, կողմերի անձնական կյանքի պաշտպանության շահերից, կամ այնքանով, որքանով Պալատը հատուկ հանգամանքներում խիստ անհրաժեշտ կհամարի, որ լսումների հանրային բնույթը կխաթարի արդարադատության շահերի պատշաճ իրականացումը:

Գաղտնի լսումներ անցկացնելու ցանկացած խնդրանք պետք է ներառի նման խնդրանքի պատճառները և մասնավորեցնի, թե արդյոք այն վերաբերում է լսումներին ամբողջությամբ, թե դրա մի մասին միայն (տե՛ս, Դատարանի կանոնակարգի 63-րդ կանոնը):

Լսումների իրականացման կարգը

Պալատի նախագահը կազմակերպում է լսումները և սահմանում այն կարգը, որով լսվում են կողմերի ներկայացուցիչները և փաստաբանները կամ խորհրդականները:

Յուրաքանչյուր դատավոր կարող է հարցեր ուղղել ցանկացած անձի, ով կներկայանա Պալատի առաջ (տե՛ս, Դատարանի կանոնակարգի 64-րդ կանոնը):

Լսումներին չներկայանալը

Եթե կողմն անհարգելի պատճառով չի ներկայանում լսումներին, Պալատը, այնուամենայնիվ, կարող է լսումներ անցկացնել՝ համոզված լինելով, որ դա չի հակասում արդարադատության պատշաճ իրականացմանը (տե՛ս, Դատարանի կանոնակարգի 65-րդ կանոնը):

Լսումների սղագիր արձանագրությունը

Պալատի նախագահի կարգադրության դեպքում, Քարտուղարը պատասխանատու է լսումների սղագիր արձանագրության պատրաստման համար: Սղագիր արձանագրության մեջ նշվում են.

  • պալատի կազմը,
  • դատարան ներկայացած անձանց ցանկը,
  • արված հայտարարությունների տեքստըտրված հարցերը և պատասխանները,
  • լսումների ընթացքում կայացված յուրաքանչյուր որոշման տեքստը:

Եթե սղագիր արձանագրությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն կազմվել է ոչ պաշտոնական լեզվով, Քարտուղարը պետք է ապահովի դրա թարգմանությունը պաշտոնական լեզուներից որևէ մեկով:

Կողմերի ներկայացուցիչներն ստանում են սղագիր արձանագրության պատճենը, որպեսզի կարողանան, Քարտուղարի կամ Պալատի վերահսկողությամբ, ուղղումներ կատարել, որոնք, սակայն, ոչ մի դեպքում չպետք է ազդեն ասվածի իմաստի և ուղղվածության վրա: Քարտուղարը, Պալատի նախագահի ցուցումներին համապատասխան, այս նպատակի համար սահմանում է ժամկետներ:

Նման ուղղումներից հետո սղագիր արձանագրությունը ստորագրում են Պալատի նախագահն ու Քարտուղարը, և այն դառնում է հաստատված արձանագրություն (տե՛ս, Դատարանի կանոնակարգի 70-րդ կանոնը):

Մուտք

Չունե՞ք հաշիվ: